28 նոյեմբերի 2024 - 16:43 AMT
Դեսպանը՝ Շարմազանովին․ Ֆրանսիան և ՀՀ պառակտելու փորձը չի ծառայում ոչ Հայաստանի շահերին, ոչ խաղաղության գործընթացին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառմանը, որը նշել էր, թե Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ «ապտակ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։

Դեսպանը գրել է, որ Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին, հայտնում է Aysor.am-ը։

«Պարո՛ն էդուարդ Շարմազանով, Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ․ Ձեր գրառումից դատելով, ես քննադատել եմ վերջերս հեռուստատեսությամբ վարչապետի արած հայտարարությունը։ Ի գիտություն Ձեզ, բարեկամ երկրի կառավարության ղեկավարի հետ որևէ դիտարկմամբ կիսվելու պարագայում, Ֆրանսիայի դեսպանն ուղղակիորեն դիմում է վերջինիս։

Հրապարակումը, որին, ըստ Ձեզ, հղում էր կատարվում, ընդամենը վերահաստատում է այն սկզբունքը, որ միջազգայնորեն ճանաչված միակ իրողությունները նրանք են, որոնք ամրագրված են իրավունքով։ Ֆրանսիան, ինչպես գիտեք, լիովին հանձնառու է աջակցելու արդար և կայուն խաղաղության հասնելու վարչապետի խիզախ ջանքերին։ Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին»,-գրել է նա։

Շարմազանովը գրել էր, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գրառումն Իրանի նահանգներից մեկի ՝«միակ Արեւմտյան Ադրբեջանի» մասին մեծ արձագանք ստացավ։

«Շատերը դա դիտարկեցին խոսք ուղղված Ադրբեջանին։ Բայց՝ոչ…Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 22-ի հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման մասին անհեթեթ հայտարարությունը՝ կարելի ենթադրել,որ այդ գրառման հասցեատերը հենց Փաշինյանն է»,–գրել էր Շարմազանովը։