29 նոյեմբերի 2024 - 16:03 AMT
FIP․ Պուտինը կեղծում է՝ Երևանը 44-օրյայի ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել

«Փաստերի ստուգման հարթակն», արձագանքելով ՌԴ նախագահի այն պնդմանը, որ ՀԱՊԿ–ը «Երևանի փոխարեն չէր կռվելու Ղարաբաղում», ուսումնասիրել է 2020–ի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո պաշտոնական Երևանի հայտարարությունները՝ պարզելու Վլադիմիր Պուտինի հայտարարությունների ճշմարտացիությունը։

Պուտինն ասել է․ «ՀՀ կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի համար, տարօրինակ է»։ Նա նշել է, թե «Հայաստանի նկատմամբ ագրեսիա չի եղել», և ՀԱՊԿ-ը կոչված է արտաքին ագրեսիայից պաշտպանելու միայն անդամ երկրներին։

Ըստ այդմ, հայկական կողմը երբևէ պաշտոնապես չի պահանջել կամ խնդրել ՀԱՊԿ-ից, որ վերջինիս ստորաբաժանումներն աջակցեն հայկական կողմին Լեռնային Ղարաբաղում։ Միևնույն ժամանակ, բաց աղբյուրներում չկա որևէ վկայություն այն մասին, որ Երևանը 44-օրյա պատերազմի ընթացքում նման ակնկալիքներ է ունեցել ՀԱՊԿ-ից։

Փոխարենը, հայկական կողմը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն է խնդրել 2022 թվականին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակման ընթացքում։

«Հայտնի է, որ ՀԱՊԿ-ը և անդամ մի շարք երկրների բարձրագույն ղեկավարությունը ոչ միայն չեն ճանաչել իր անդամ երկրի նկատմամբ Բաքվի ագրեսիան՝ նշելով, որ մարտերը տեղի են ունեցել վիճելի տարածքներում, այլ նաև տարբեր պատճառաբանություններ են բերել ՀՀ-ի օգնության խնդրանքին չարձագանքելու համար։

Ագրեսիայից հետո Երևանի դիմումն անարձագանք մնաց, և միայն շաբաթներ անց ՀԱՊԿ այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ադրբեջանական ներխուժումն անվանեց «սահմանային միջադեպ»՝ նշելով, որ «ՀԱՊԿ դիտորդական խումբ ստեղծելու մասին որոշում չի կայացվել»։

Ավելին, կազմակերպությունը չի արձագանքել նաև նույն թվականի հուլիսին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկին։

Փաստացի, ՀԱՊԿ-ը 2022 թվականին չի արձագանքել հայկական կողմի՝ դիտորդներ ուղարկելու առաջարկին, և այս փաստը հաստատում է անգամ կառույցի այդ ժամանակվա գլխավոր քարտուղարը։

Այսպիսով, ՀՀ-ն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից ոչ թե 44-օրյա պատերազմի, այլ 2022 թվականին Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում, ինչին կառույցը չի արձագանքել։

Պուտինը նաև ասել է․ «ՀԱՊԿ–ն այստեղ կապ չունի, քանի որ բուն Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա չի եղել։ ՀԱՊԿ–ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից։ Իրադարաձությունները Ղարաբաղում իրենց սպեցիֆիկան ունեն։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և հաստատ չի ընդգրկել Ղարաբաղն իր պարագծում։ Նշանակում է՝ այն ամենն, ինչ կատարվել է Ղարաբաղում, իրավաբանորեն Հայաստանի հետ կապ չունի, ուստի հավակնել, որ ՀԱՊԿ–ը պետք է կռվեր այդ անկլավի տարածքում, բավականին տարօրինակ է»։

Photo. Ria Novosti