2 դեկտեմբերի 2024 - 18:16 AMT
Արշակյան․ Կառավարությունը հանձնառու է ամեն տարի մոտ 40 մլրդ դրամ ներդնել ՏՏ ոլորտում

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն Ազգային ժողովում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է, որ այդ ոլորտում ամեն տարի մոտ 40 մլրդ դրամ կներդրվի։

«Ըստ էության, մենք պատմության նոր էջ ենք բացում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար. Կառավարությունը հանձն է առնում յուրաքանչյուր տարի մոտ 40 մլրդ դրամ ներդնել այս ոլորտում»,- նշել է Արշակյանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Կառավարությունն առաջարկում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության հարկը գործող 5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ։

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի եւ հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է` նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Ընթերցեք նաև․Առաջարկ. Բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջհարկը 5%-ի փոխարեն սահմանել 1%