ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ասել է, որ ՀՀ–ն հաստատակամ է այն համոզման մեջ, որ անպատժելիության վերացումը, արդարադատության և պատասխանատվության խթանումն առանձնակի կարևորություն ունեն, և դրանց կարելի է հասնել միայն ջանքերի համախմբմամբ։
«Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ելույթ է ունենում ասամբլեայի նստաշրջանին որպես Հռոմի կանոնադրության լիիրավ անդամ։ Մենք մեր առաջին քայլերն ենք անում այս ճանապարհին, բայց պատրաստ ենք ակտիվ դերակատարություն ունենալ։ Այս բարձր մարմնի անդամ դառնալու կարևոր որոշումը հեշտ չի կայացվել։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի պատմությունը՝ մենք հաստատակամ էինք այն համոզման մեջ, որ անպատժելիության վերացումը, արդարադատության և պատասխանատվության խթանումն առանձնակի կարևորություն ունեն, և դրանց կարելի է հասնել միայն մեր ջանքերի համախմբմամբ։
Մենք համոզված ենք, որ Միջազգային քրեական դատարանը միջազգային իրավունքի կարևոր տարրերից մեկն է։ Այն նպաստում է նաև միջազգային իրավունքի զարգացմանը՝ այն դարձնելով ներկայիս մարտահրավերներին առավել համապատասխան։ Եվ, թերևս, ամենակարևորն՝ այն արդարադատություն է ապահովում ոճրագործությունների զոհերի համար, ինչը խաղաղության և հաշտեցման կարևորագույն բաղադրիչ է։ Հետևաբար, Հայաստանը լիովին գիտակցում և ընդունում է իր պատասխանատվությունն՝ ակտիվորեն նպաստելու Դատարանի հզորացմանը և առաջընթացին»,–ասել է նա։
Նախարարը նշել է, որ ամենալուրջ միջազգային հանցագործությունների աշխարհագրությունն ընդլայնվում է, իսկ տեխնոլոգիական զարգացումներն ընձեռում են նոր մեթոդներ և հնարավորություններ դրանք իրագործելու համար։
«Սոսկ ամրապնդելով գլոբալ կոնսենսունը և համոզմունքն առ այն, որ առավել ծանր հանցագործությունները չեն հանդուրժվելու, և որ պատասխանատվությունը կենսական է երկարատև ու կայուն խաղաղության համար՝ մենք կապահովենք, որ արդարադատությունը չլինի միայն մի քանիսի արտոնությունը, այլ բոլորի իրավունքը։ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային և միջազգային համագործակցության գործընթացներին՝ կանխելու անպատժելիությունը և ամրապնդելու միջազգային նորմերի պահպանման հանձնառությունը։ Մենք համոզված ենք, որ ժողովուրդների միջև համագործակցային ոգին ոչ միայն ամրապնդում է Միջազգային քրեական դատարանն, այլ նաև մեր հավաքական ունակությունը՝ պահպանելու արդարադատությունն ու իրավունքի գերակայությունը։
Որպես ցեղասպանության կանխարգելման օրակարգի երկարամյա ջատագով՝ Հայաստանը կանգնած է միջազգային գործողությունների առաջնագծում՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ քաղաքականության և գործելակերպի ամրապնդմանը, ինչպես նաև միջազգային հանրային ցանցի ձևավորմանը՝ միտված կանխարգելման մեթոդների առաջմղմանը։ Համապատասխանաբար, Հայաստանը նախաձեռնել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը», որը կազմակերպվում է ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ՝ ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով։ Հայաստանը հպարտ է լինել այդ բանաձևի հեղինակը»,–ասել է Միրզոյանը։
Նա անդրադարձել է նաև Միջազգային քրեական դատարանի` իր գործունեության կենտրոնում զոհերի խնդիրները պահելու բնույթին։
«Մենք հավատում ենք, որ զոհերն արժանի են անաչառ արդարադատության, քանի որ անպատիժ հանցագործությունները հանգեցնում են կրկնության և դրանց վերարտադրման։ Զոհերին աջակցելու համատեքստում թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել «Զոհերի աջակցության հիմնադրամին»՝ աջակցության ու ծրագրերի իրականացման համար, որոնք ուղղված են Հռոմի կանոնադրությամբ սահմանված հանցագործությունների հետևանքով առաջացած վնասների հաղթահարմանը»,–ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա էր հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Հայաստանի տարբեր պաշտոնյաները հայտարարել են, որ Հռոմի ստատուտին միանալու որոշումը կայացվել է, քանի որ դրանով Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորություն են տեսնում։