3 դեկտեմբերի 2024 - 12:32 AMT
ԿԽՄԿ-ի տվյալներով ԼՂ հակամարտության հետևանքով անհետ կորած է մոտ 5000 մարդ, որոնցից մոտ 1000-ը հայեր

ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ին, որոնցից մոտ 1000-ը հայ են։ Այդ մասին ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններից է:

Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի աշխատանքների երկրորդ կարևոր ուղղությունը յուրաքանչյուր անհետ կորած անձի մասին հնարավորինս սպառիչ և մանրամասն տեղեկություններ, տվյալներ տրամադրելն է, հայտնում է Արմենպրեսը։

«Հիմնվելով ընտանիքների հայտերի վրա՝ տարածաշրջանում մեր գրասենյակների միջոցով հավաքագրել ենք մոտ 5000 անհետ կորած անձանց տվյալներ, որոնք 90-ականներից, այնուհետև 2020 թվականից մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածում հակամարտության սրացումների հետևանքով անհետ կորած են համարվում: Նրանցից մոտ 1000-ը հայեր են, որոնց տվյալները ԿԽՄԿ-ն հավաքագրել է Երևանի և Ղարաբաղի գրասենյակների միջոցով: Այս թվում են նաև անձինք, որոնց հարազատները նրանց համարում են անհետ կորած՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է դրական ԴՆԹ նույնականացում․ կան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում պատասխանները: Սա մեզ համար նույնպես ազդակ է աշխատելու պատկան մարմինների հետ, փորձելու պարզել, պարզաբանել հանգամանքները, որոնց պատճառով անձինք չեն ընդունում այդ արդյունքները»,-մանրամասնել է Ամատունին։

Նա շեշտել է, որ ԿԽՄԿ-ն ինքնուրույն չի իրականացնում նույնականացումներ․ դա համապատասխան իշխանությունների ու կառույցների աշխատանքն է:

Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց որոնումների գործընթացին, ըստ Ամատունու, դրա շուրջ քայլերն ու որոշումները իշխանությունների գործն են, որոնց ԿԽՄԿ-ն՝ որպես չեզոք միջնորդ, պատրաստ է աջակցել:

«Մեր պատկերացմամբ՝ որոշակի մարդասիրական միջավայր պետք է ստեղծվի, որը թույլ կտա կողմերին միասին ունենալ համապատասխան քայլեր, օրինակ՝ քարտեզագրել հուղարկավորման հնարավոր վայրերը,եթե խոսքը գնում է այն անձանց մասին, որոնց վերաբերյալ քիչ թե շատ կան տեղեկություններ։ Բնականաբար, մենք միշտ վառ և ակտիվ ենք պահում այս հարցը՝ քննարկելով այն թե՛ իշխանությունների հետ, թե՛ աշխատելով ընտանիքների հետ, սակայն բուն գործողությունները և որոշումները մեր ձեռքում չեն։ Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ՝ որպես չեզոք միջնորդ»,-ընհանրացրել է Ամատունին: