Վրաստանի Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել հոկտեմբերի 26–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու հայցերը, հայտնում է Sputnik Georgia-ն։
Պատրիարքարանը հորդորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և այլոց առավել պատասխանտու լինել սեփական խոսույթի հարցում, քանի որ յուրաքանչյուր խոսք կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։ Նշվում է, որ անհայտ անձինք մտնում են դպրոցներ, խախտում դասապրոցեսը, կոչերով դիմում ուսուցիչներին, ինչն անընդունելի է և պետք է «անհապաղ դադարեցվի»:
Վրաստանի նախագահը X-ի իր էջում նշել էր, որ «համալսարաններից հետո բողոքի ակցիաներին իրենց համերաշխությունը հայտնելու հերթը դպրոցներինն է»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հեղափոխություն կազմակերպելու ընդդիմության 4–րդ փորձը ձախողվել է։
«2022–ի հունիսին տեղի ունեցավ մայդան կազմակերպելու առաջին փորձը՝ երբ մեզ չտրամադրեցին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ և արտերկրից ֆինանսավորվող ՀԿ-ները պահանջում էին կառավարության հրաժարականը։ 2023–ի գարնանը տեղի ունեցավ մայդանի երկրորդ փորձը, 2024–ի գարնանը՝ երրորդ փորձը, և հիմա տեսանք մայդանի կազմակերպման չորրորդ ձախողված փորձը», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Վրաստանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 5-րդ օրը։ Ցուցարարները դեմ են ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը հետաձգելու` իշխանությունների որոշմանը: Ոստիկանությունը ցուցարարներին ցրում է ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով։
Վրաստանի ԱԳ փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան և 5 դեսպան հրաժարական են տվել բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այն հայտարարությունից հետո, որ Վրաստանը մինչև 2028թ․ դադարեցնում ԵՄ–ին անդամակցության շուրջ բանակցությունները։ Դեկտեմբերի 3–ին նրանց է միացել նաև Չեխիայում Վրաստանի դեսպանը։
Ավելի վաղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը դադարեցնում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028թ․ և որ ԵՄ–ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը օգտագործվում է Վրաստանի դեմ շանտաժի համար, ինչպես դա տեղի է ունեցել նաև թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրման դեպքում։ Նա հավելել է, որ այդ որոշումը չի նշանակում, որ Վրաստանը հրաժարվում է եվրաինետգրումից՝ նշելով, որ Թբիլիսին կկատարի բոլոր ստանձնած պարտավորություններն առանց ԵՄ ֆինանսական աջակցության։ Կոբախիձեի հրապարակած որոշումը բողոքի ալիք է բարձրացրել երկրում՝ ցույցեր են տեղի ունեցել Թբիլիսիում, Քութաիսում, Բաթումում։ Ցույցերը շարունակվում են մինչ օրս։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, քանի որ Վրաստանի իշխանությունները խախտել են դրա գլխավոր սկզբունքները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Վաշինգտոնը դատապարտել է ոստիկանության գործողությունները ցուցարարների նկատմամբ, որոնք «ձգտում են օգտվել հավաքների և արտահայտվելու իրենց իրավունքներից»։