19 մայիսի 2009 - 23:40 AMT
Լեոնիդ Հայրապետյան. Իտալիայի դեսպանատան մերժումն ազդել է ԵԱ-ում հայ սամբիստների արդյունքների վրա
Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնությունում, որը տեղի էր ունենում մայիսի 14-18-ը Միլանում, նվաճել է 4 բրոնզե մեդալներ: Հայ սամբիստների պատվիրակությունը ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանի գլխավորությամբ մայիսի 13-ին ժամանել է Իտալիա: Բայց Հայաստանում Իտալիայի դեսպանատան սկզբնական մերժման պատճառով հավաքականի 4 առաջատար սամբիստները եւ ավագ մարզիչը Միլան են ժամանել ուշացումով:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը, միայն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանի միջամտությամբ Իտալիայի դեսպանատունը վերանայել է իր որոշումը եւ ուշացումով թույլ է տվել մեկնել Իտալիա:
«Մեր առաջատար մարզիկները մեկ օր ուշացումով ժամանել են Միլան: Այդ մերժման պատճառով ողջ թիմը հոգեբանորեն տուժեց: Ինչ վերաբերում է մեր առաջատար սամբիստ Աշոտ Դանիելյանին, ապա նա ժամանեց Միլան, եւ չհասցնելով հանգստանալ ճանապարհից, առաջին մենամարտում վնասվածք ստացավ: Իսկ նա մի գլուխ բարձր էր բոլոր մասնակիցներից, որոնք հանդես էին գալիս նրա քաշայն կարգում: Փաստորեն, Իտալիայի դեսպանատունը խանգարել է մեզ հաջող հանդես գալ ԵԱ-ում»,- նշել է Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ ի սկզբանե Իտալիա մեկնելու թույլտվություն չէին ստացել աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (74 կգ ք/կ), ԱԱ-2007 արծաթե մրցանակակիր Վաչիկ Վարդանյանը (68 կգ ք/կ), աշխարհի երիտասարդական առաջնություն-2007 արծաթե մրցանակակիր Ժաննա Վարդանյանը (48 կգ ք/կ) եւ Լեւոն Պապոյանը (82 կգ ք/կ), ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Խոջոյանը, եւ, այդ պատճառով, Միլան են ժամանել մայիսի 14-ին:
Հայաստանից բրոնզե մեդալների արժանացան Վաչիկ Վարդանյանը (68 կգ ք/կ) մարտական սամբո դիսցիպլինում, Վահան Հովհաննիսյանը (62 կգ ք/կ), Դավիթ Խաչատրյանը (68 կգ ք/կ) եւ Ժաննա Վարդանյանը (48 կգ ք/կ) (բոլոր երեքը հանդես էին գալիս սպորտային սամբո դիսցիպլինում):
Հայաստանի սամբոյի հավաքականը մարտական սամբոյի թիմային հաշվարկում զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ սպորտային սամբոյի թիմային հաշվարկում` 10-րդ տեղը:
Լեոնիդ Հայրապետյանի խոսքերով իտալական դեսպանատան այդ արարքի պատճառով Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան զգալի ֆինանսական վնասներ է կրել:
«Մենք զգալի ֆինանսական վնասներ ենք կրել, որովհետեւ բոլոր պլանները փոխվեցին, եւ մենք ստիպված էինք Իտալիա մեկնելու լրացուցիչ տոմսեր գնել: Դա կարող է խանգարել մեզ հուլիսին Ղազախստանում մասնակցել Աշխարհի գավաթի հերթական փուլին, նշել է Հայրապետյանը,- ինչ վերաբերում է մեր արդյունքներին, ապա ես դրանք բավարար եմ համարում եւ ոչ ավելին. եթե մենք ոսկի չենք բերել, դա արդեն լավ արդյունք լինել չի կարող: Իսկ կազմակերպչական տեսանկյունից մրցաշարի մակարդակը միջինից ցածր էր»,- եզրափակել է Հայրապետյանը: