3 դեկտեմբերի 2024 - 18:50 AMT
ՄԻՊ-ը՝ ավտոբուսի վարորդների մասին․ Գործատուի ջանքերը պետք է ուղղվեն աշխատողի համար արդարացի պայմանների ապահովմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում են զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման աշխատանքներ՝ Երևանում ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներն արձանագրելու և օպերատիվ հասցեագրումն ապահովելու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում նաև աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներին և պարտականություններին առնչվող առկա փաստերը՝ միջազգային և ներպետական չափանիշների տեսանկյունից, հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Պաշտպանը հարկ է համարում նաև ընդգծել, որ բոլոր դեպքերում գործատուների ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովմանը (ներառյալ` հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը և այլն), յուրաքանչյուր աշխատողի` ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովմանը։

Մշտադիտարկման աշխատանքների արդյունքում վերհանված խնդիրների քննարկման ու դրանց լուծման համար անհրաժեշտ ուղիների նախանշման նպատակով Պաշտպանը կդիմի իրավասու մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանի «Թեժ գիծ» հեռախոսահամարներն են՝ 116, (096) 116-100:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդների հայտարարած գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլին, նշել է, որ շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու, իսկ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։ Մինչդեռ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները վստահեցնում են՝ իրենք որևէ մեկին շանտաժ չեն արել և չեն անում, ուղղակի ցանկանում են, որպեսզի իրենց տրված խոստումները կատարվեն: