6 դեկտեմբերի 2024 - 11:06 AMT
Օսթինը՝ Պապիկյանին․ ԱՄՆ–ն պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ ԶՈւ բարեփոխումներին

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հետ, որը նշել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը պատմական է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանն առնչվող հարցեր:

Լլոյդ Օսթինը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել: Օսթինը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ՀՀ ԶՈւ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ և նշել համագործակցության առաջնային ուղղությունները, որոնք ուղղված են ինչպես ՀՀ զինված ուժերի կերպափոխման իրագործմանը, այնպես էլ ԱՄՆ զինված ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը՝ ռազմական կրթություն, մարտական պատրաստություն, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում և այլն:

Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաստատել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին:

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամին և ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպին և Թոմմի Յանգին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ համազգեստի տեսակների, մշակման գործընթացի, փորձանմուշների մատակարարման ժամկետների և ծրագրի իրականացման այլ ընթացակարգերի վերաբերյալ։