Երևանյան հանրային տրանսպորտում հիմա ուղևորներին վճարելու երեք տարբերակ է առաջարկվում` QR code-ով տոմսեր, 100 դրամանոց մետաղադրամ և արդեն նաև՝ բանկային քարտեր:
Հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգին անցում կկատարվի, հանրային փոխադրամիջոցներից օգտվող մոտ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանա, իսկ մի շարք այլ խմբեր անվճար կերթևեկեն, հայտնում է քաղաքապետարանը։
Նշվում է, որ միասնական տոմսային համակարգին անցում կատարելը երևանցիների համար ոչ միշտ է հասկանալի և ընդունելի, որոշակի ընդվզումներ կան:
«Քաղաքացիները շատ հարցեր ու մտահոգություններ ունեն, սակայն Երևանի քաղաքապետարանը դրանք անպատասխան չի թողնում: Հանրային փոխադրամիջոցներից օգտվող մոտ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանա, իսկ մի շարք այլ խմբեր անվճար կերթևեկեն։
Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ ավելանում է նաև շարժակազմերի թիվը, երևանցիներն արդեն օգտվում են 15 նոր տրոլեյբուսից, պլանավորման փուլում է նաև 171 ավտոբուսի երթուղիներ դուրս գալը:
Անվտանգ, հասանելի ու հարմարավետ. 2025 թվականին Երևանն այլ որակի տրանսպորտային համակարգ կունենա»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում, որոնց համաձայն մեկ ուղևորության գինը կկազմի 300 դրամ։ Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։