6 դեկտեմբերի 2024 - 17:30 AMT
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները դեկտեմբերին այցելել են Բաքվում պահվող 23 հային, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այդ մասին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ նրանց են փոխանցվել անձնական իրեր և հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ։

«Ամեն այցելության ժամանակ նման հնարավորություն չի լինում, սակայն ժամանակ առ ժամանակ նրանց տրվում է նման հնարավորություն` ստանալու անձնական իրերով փաթեթներ»,– ավելացրել է Ամատունին։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։