36 տարի է անցել Սպիտակի ավերիչ երկրաշարժից, որը 25,000 մարդու կյանք խլեց և անօթևան թողեց մոտ կես միլիոնի։ Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից զոհված կամ կենդանի հանվել է ավելի քան 45,000 մարդ, հոսպիտալացվել ` 12,500 մարդ:
2019թ․ սկսած՝ դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:
1988 թվականի դեկտեմբերի 7–ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում:
Ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80%-ը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում:
Ավերիչ հետևանքներն այնքան մեծ էին, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ԽՍՀՄ ղեկավարը, որն այդ ժամանակ գտնվում էր ԱՄՆ–ում, պաշտոնապես հումանիտար օգնություն խնդրեց այդ երկրից:
Սպիտակի ավերիչ երկրաշարժի աղետի գոտում 2008-ին սկիզբ առած պետական աջակցության բնակարանային ծրագրով շահառու էր ճանաչվել 5419 ընտանիք, որոնք 2008 թվականի դրությամբ հաշվառված էին Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում։ 5419 ընտանիքից 5391-ի բնակարանային խնդիրը լուծվել է ծրագրով նախատեսված մոտ 70 մլրդ դրամի շրջանակում։
Կառավարության 2021 թվականի որոշմամբ սահմանվել է, որ այն ընտանիքները, որոնք կորցրած բնակարանի չափով բնակարան ստանալուց հետո վերականգնում են իրենց բնակարանային պայմանների բարելավման իրավունքը (տարիների ընթացքում ընտանիքը համալրվել է, ապրում են ոչ թե մեկ, այլ օրինակ 3 վագոն–տնակում), նրանց բնակարանային խնդիրները լուծվելու են բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով։
Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, որ տաք ձմեռը հնարավոր երկրաշարժերի նշան է, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ:
«1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8...+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու: Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ, դա պարզապես համընկել է: 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել»,-ասվում է գրառման մեջ։