ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դեկտեմբերի 6–ին այցելել է Տավուշի մարզ, այդ թվում Կիրանց՝ տեղում հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Կիրանցում նախարարն այցելել է նորակառույց դպրոց, որտեղ բնականոն հունով իրականացվում է դասապրոցես։ Մարզպետ Հայկ Ղալումյանի հետ շրջել են գյուղում, հետևել պետական տարբեր ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Նախարարն այցելել է նաև մայիսյան ջրհեղեղների հետևանքով վնասված ճանապարհահատվածներ։ Տեղում քննարկվել են գետի հունի մաքրման աշխատանքների ընթացքը, այցելել են ջրհեղեղի հետևանքով լրջորեն վնասված Խաշթառակի կամուրջ։
Այս պահին շահագործվում է ժամանակավոր կամուրջը։ Քննարկվել են հիմնական կամրջի նորոգման հարցը։
Հաջորդ կանգառը Ոսկեպար և Աճարկուտ գյուղերն են եղել, որտեղ իրականացվում են ճանապարհի հիմնանորոգման և խաղահրապարակի կառուցման աշխատանքներ։
Շինարարական օբյեկտներում Խուդաթյանը զրուցել է շինարարների հետ, ընդգծել, որ խիստ կարևոր է աշխատանքների որակով և օրացուցային գրաֆիկի պահպանմամբ իրականացումը։
Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։