Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընտանիքի հետ Ռուսաստանում է, հայտնում է ՏԱՍՍ–ը` Կրեմլում իր աղբյուրին հղումով։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե մի քանի երկիր հրաժարվել է Ասադին ապաստան տրամադրել, ինչպես նաև որ նրա ինքնաթիռը կործանվել է։
«Ասադն ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, ելնելով հումանիտար նկատառումներից, նրանց ապաստան է տրամադրել»,- հայտնել է աղբյուրը։
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հաստատել է այդ լուրը՝ նշելով, որ «ՌԴ–ն դժվարին պահերին մենակ չի թողնում բարեկամներին»։
Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմությունը դեկտեմբերի 8-ին գրավել է երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Ասադը հեռացել է երկրից, իսկ վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին՝ հայտարարել, որ պատրաստ է գործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ: Զինյալները հարձակումը սկսել էին նոյեմբերի 27–ից, գրավել Հալեպը, Համան ու Հոմսը։
Թուրքական Hürriyet–ը գրել է, որ Թուրքիան կսատարի «նոր Սիրիայի կառուցմանը»՝ նպատակ ունենալով վերացնել քրդական ՔԱԿ ուժերի ներկայությունն իր սահմանների մոտ։ Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են ավարտին հասցնել Սիրիայի հյուսիսում մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծումը։
Իսրայելն իր հերթին դեկտեմբերի լույս 9–ի գիշերը նոր տարածքներ է գրավել Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտում։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի ՊՆ ղեկավար Իսրայել Կացը։ Նա կարգադրել է անհապաղ գործել Սիրիայում «անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ»։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կգործակցի Սիրիայի նոր իշխանությունների հետ, եթե վերջինս չաջակցի ահաբեկիչներին, հարգի սիրիացի շիաների իրավունքները և հեռու մնա Իսրայելից։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սիրիայի նախագահի վարչակարգի տապալումն «արդարության հաղթանակ» է համարել` միևնույն ժամանակ ընդունելով, որ դա իր հետ ռիսկեր է բերում։