9 դեկտեմբերի 2024 - 15:27 AMT
Եղիշե Կիրակոսյանը Բաքվի դեմ հայցերից հրաժարվելու միտում չի տեսնում

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միտում չի տեսնում, որ Երևանը պատրաստվում է միջազգային դատական ատյաններից հետ կանչել Բաքվի դեմ հայցերը։ Այդ մասին Կիրակոսյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Այս պահի դրությամբ նոր հայց չունենք, ինչ արդեն իսկ կան, դրանք են։ Բոլոր ընթացակարգերը շարունակվում են»,–ասել է Կիրակոսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա չի ցանկացել մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում կողմերը կարող են փոխադարձաբար հրաժարվել հայցերից։

Անդրադառնալով հայ գերիների վերադարձի հնարավորությանը` Կիրակոսյանը նշել է, որ Երևանը որոշ ժամանակ առաջ նման պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան և ՄԻԵԴ, սակայն երկու միջազգային դատարաններն էլ համարել են, որ հարցերն իրենց իրավասությունից դուրս են։ Կիրակոսյանը շեշտել է, որ իր կարծիքով գերիների վերադարձի հարցի լուծումը քաղաքական հարթության մեջ է։

Նոյեմբերի 23–ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Երևանը և Բաքուն կարող են հրաժարվել փոխադարձ հայցերից։