9 դեկտեմբերի 2024 - 16:12 AMT
ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան դրոշը հանվել է

Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը, հայտնում է Sputnik Արմենիան։

Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող դեսպանատունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների պահպանության տակ է. նրանք թույլ չեն տալիս նկարահանել տարածքը, սակայն Sputnik Արմենիային հաջողվել է նկարել դեսպանատան շենքն առանց պետական խորհրդանիշի:

Նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։

Photo` Sputnik Արմենիա