9 դեկտեմբերի 2024 - 16:16 AMT
Գրիգորյան․ Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության ռազմավարական գերակայությունն է

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության ռազմավարական գերակայությունն է, որի ամենակարևոր բաղադրիչներից է իրազեկվածության բարձրացումը: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» մեկամսյա համապետական արշավի և դրա շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» համաժողովում, որը կազմակերպվել է Կոռուպցիայի կանխարգելման միջազգային օրվա առթիվ:

«Կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է:Մենք հավատարիմ ենք կառավարության ծրագրում սահմանված այն դրույթին, ըստ որի՝ կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ 2018 թվականից ի վեր՝ ՀՀ կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման և դրա զարգացման ուղղությամբ:

Գրիգորյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևոր բաղադրիչներից է իրազեկվածության բարձրացումը: Ըստ նրա՝ առանցքային է հակակոռուպցիոն կրթության և իրազեկման թիրախային քաղաքականության մշակումը և անհրաժեշտ գործողությունների իրականացումը, ինչը պետք է ապահովի հակակոռուպցիոն բարեփոխումներում հանրային ավելի մեծ ներգրավվածություն և աջակցություն:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, կարևորելով նման համաժողովների դերն, ընդգծել է, որ կոռուպցիան ժողովրդավարական զարգացման ֆունդամենտալ թուլությունն է:

«Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող բարեվարքության ծրագիրը միտված է Հայաստանում կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության ձևավորմանը: Սա ընդգրկում է թիրախային աջակցություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Արդարադատության նախարարությանը՝ որպես հիմնական կառույցներ»,- ասել է Ալելոն:

«Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվի համաձայն՝ Հայաստանը 2023 թվականին ստացել է 47 միավոր։ Նախորդ տարվա համեմատ այն արձանագրել է մեկ միավորի բարելավում: