9 դեկտեմբերի 2024 - 17:58 AMT
Կիրակոսյան․ Միջազգային դատարանները համարում են` գերիների հարցն իրենց իրավասությունից դուրս է

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արդարադատության միջազգային դատարանն ու Եվրոպական դատարանը համարում են, որ գերիների վերադարձի հարցն իրենց անմիջական իրավասությունից դուրս է։

«Դատարանն անկախ մարմին է, որոշում է կայացնում՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Կիրակոսյանը նշել է, թե գերիների վերադարձի հարցը, ցավոք, ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։