9 դեկտեմբերի 2024 - 18:15 AMT
ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում քննարկվել են ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Երևանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով ստեղծված հումանիտար հետևանքները: Այդ մասին ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, վերոնշյալ հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը։

Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման օրն է, իսկ դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների պաշտպանության օրը, և Երևանում այս օրերին նման միջոցառման կազմակերպումը, ըստ Վլադիմիր Վարդանյանի, պայմանավորված է նաև վերոնշյալ հանգամանքներով:

Ադրբեջանում պահվող ռազմագերիներին առնչվող հարցին ի պատասխան՝ հայ պատվիրակը պարզաբանել է ԵԽԽՎ-ում քննարկումների օրակարգը և այն, որ ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերը, ի տարբերություն լիագումար նիստերի, անցկացվում են առավել դռնփակ ձևաչափով:

«Ռազմագերիներին առնչվող հարցում ԵԽԽՎ-ն, կարծես, հնարավորն արել է, քանի որ այն բանաձևերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ-ում, հստակորեն անդրադարձել են ռազմագերիներին և ռազմագերիների անհապաղ հայրենադարձման խնդրին: Այսինքն՝ պահանջել ԵԽԽՎ-ից ինչ-որ բան ավելի անել, մենք չենք կարող, քանի որ, ըստ էության, ռազմագերիների հետ կապված բոլոր օրակարգային հարցերը բարձրացվել են և ստացել իրենց համապատասխան լուծումները բանաձևերում»,- նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չեն հաստատվել ԵԽԽՎ-ում, և վերջինս չի մասնակցում վեհաժողովի նիստերին:

«Պահանջել ԵԽԽՎ-ից բաներ, որոնք վերջինիս մանդատից դուրս են կամ հնարավոր չի իրականացնել, մեր կարծիքով կրկին անարդյունավետ կլինի»,- ասել է նա:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։