9 դեկտեմբերի 2024 - 18:32 AMT
Միրզոյանը` ֆիննական ԶԼՄ-ին. Մեր հայացքը Եվրոպական Միության ուղղությամբ է

Ֆինլանդիա այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական Lännen Media լրատվական գործակալությանը, որի արդյունքում նախարարի հարցազրույցը ներառող՝ «Մենք ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ֆիննական չորս օրաթերթերում։ Միրզոյանը նշել է, որ, ժողովրդավարական հասարակություն կառուցելիս, Հայաստանը փնտրում է հնարավորություններ՝ ամրապնդելու կապերը այլ ժողովրդավարական հասարակությունների հետ:

«Միանգամայն բնական է, որ մենք մեր հայացքը ուղղում ենք Եվրոպական միության ուղղությամբ, որն իր կազմում ունի բազմաթիվ զարգացած ժողովրդավարական երկրներ»,–ասել է նա, հայտնում է ԱԳՆ–ն։

Հարցազրույցում Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ–ն «համագործակցության հավակնոտ օրակարգ» է հետապնդում Ֆինլանդիայի և ԵՄ-ի հետ։

«Դուք գիտեք մեր քաղաքականությունը, որը նպատակ ունի Հայաստանին ավելի ու ավելի մոտեցնել Եվրոպական միությանը։ ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանում իր ելույթում նշեց, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպական միությանն այնքան, որքան դա հնարավոր կդիտվի ԵՄ կողմից»,–նշել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս իրականացնում է մի քաղաքականություն, որն ուղղված է ԵՄ-ի հետ հարաբերությունների էական խորացմանը։ Այժմ բանակցություններ են ընթանում «Նոր գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթղթի շուրջ, որը նախարար Միրզոյանը բնութագրել է որպես համագործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող համապարփակ փաստաթուղթ:

«Ապրիլին տեղի ունեցավ բարձր մակարդակի եռակողմ հանդիպում Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի դիմակայությունը, հատկապես՝ տնտեսական՝ հաշվի առնելով, որ Հայաստանը տարբեր ուղղություններից բախվում է բազմաթիվ սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, ես կասեի:

Ինչպես գիտեք, Հայաստանը ժողովրդական երկիր է: Մենք ունեցել ենք ժողովրդավարական ոչ բռնի հեղափոխություն: Մենք նախաձեռնել ենք ընդարձակ ժողովրդավարական բարեփոխումներ՝ կոռուպցիան արմատախիլ անելու և ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու համար: Արդեն ունեցել ենք երկու խորհրդարանական ընտրություններ, որոնք ճանաչվել են լիովին ժողովրդավարական, ազատ և թափանցիկ»,–նշել է ԱԳ նախարարը։

Միրզոյանը վստահությամբ նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններն անշրջելի են:

«Կարևոր չէ, թե ժողովրդավարական ազատ ընտրությունների միջոցով ինչ կառավարություն կգա իշխանության, ժողովրդավարական արժեքները մեր հասարակության հիմքն են»,–ասել է նա։

ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ

Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։