Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ Ջալալաին հայտարարել է, որ պատրաստ է իշխանությունը փոխանցել այդ երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի ռեժիմը տապալած իսլամիստների առաջնորդին, ինչը կարող է մի քանի օր տևել, հայտնել է Reuters-ը։
Al Jazeera հեռուստաալիքի տեղեկություններով, Սիրիայում անցումային կառավարության ղեկավար կնշանակի Մուհամմեդ ալ-Բաշիրին, որն էլ նախարարների կաբինետը կձևավորի: Նա համարվում է «Հայաթ Թահրիր ալ-Շամի» խմբավորման առաջնորդի մերձավոր զինակիցը, գրում է Deutsche Welle-ն։
«Հայաթ Թահրիր աշ Շամը» համաներում է հայտարարել բոլոր զինվորականների համար։
Դեկտեմբերի 9-ին փակ դռների հետևում տեղի ունեցած ՄԱԿ-ի ԱԽ նիստում Անվտանգության խորհրդի անդամները «քիչ թե շատ միասնական» են եղել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Անհրաժեշտ է համարվել առաջիկա օրերին Սիրիայի շուրջ փաստաթղթի մշակումը։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի, հայերի շրջանում տիրող տրամադրությունների մասին ասել է, որ հայ համայնքի համար առաջիկայում երկու կարևորագույն խնդիր կա, հայտնում է Արմենպրեսը։
«Առաջինն այն է, որ համայնքի անվտանգությունը երաշխավորված լինի, երկրորդը, որ նոր ձևավորվող իշխանությունների կողմից հարգվեն ինչպես հայերի կրոնական, այնպես էլ մշակութային իրավունքներն ու յուրահատկությունները»,–ասել է նա։
Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն իր հերթին ասել է, որ Հալեպում փորձ է կատարվում բնական կյանք առաջնորդել քաղաքը, հայտնում է Արմենպրեսը։
Անդրադառնալով Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուների հետ հայ և քրիստոնյա համայնքապետների հանդիպմանը՝ պատգամավոր նշել է, որ ազգային փոքրամասնությունների անվտանգության երաշխիքներ արդեն տրվել են, իսկ այդ հանդիպումն ու քննարկումներն ընթացել են համագործակցելու, աշխատանքները համակարգելու մասին, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
Նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ: