10 դեկտեմբերի 2024 - 16:11 AMT
Բագրատ սրբազան․ Դուրս ենք գալու հարապարակ և ավարտին հասցնելու սկսածը

Բագրատ սրբազանն Արցախի ներկայացուցչության դիմաց, անդրադառնալով «Սրբազան պայքարին», ասել է, որ շարունակում է հանդիպումները տարբեր մարզերի բնակավայրերում և ժողովուդը «հույսով և մեծ ակնկալիքներով» սպասում է փոփոխությունների։ Նա հայտարարել է, որ, վստահություն ունենալով, դուրս կգան հարապարակ և ավարտին կհասցնեն սկսածը։

«Ես ուզում եմ վստահեցնել, որ առաջիկան, ինչքան, որ կտևի այս շրջանը (Աստծով՝ շատ կարճ տևի), այն վստահությունը, որը մենք կունենանք այդ ժամանակահատվածում՝ պայմանավորված հանձնառություններով, մենք դուրս ենք գալու հարապարակ և ավարտին ենք հասցնելու սկսածը»,- հայտարարել է սրբազանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 10–ն Արցախի Սահմանադրության ընդունման օրն է։

«Այսօր Արցախի Սահմանադրության ընդունման օրն է, ինչը խոսում է այն մասին, որ մենք կայացած պետություն ունեինք, և հույս ունեմ, որ առաջիկայում մեր բոլորի ջանքերով կկարողանանք վերականգնել մեր տունը»,- ասել է նա։

Սրբազանը զարմանալի չհամարեց, որ ՀՀ գործող իշխանությունները որոևէ ուղերձով չանդրադարձան Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման առիթով։

«Ավելին, միգուցե հակառակի մասին խոսեն, որովհետև նրանք բազմաթիվ առիթներով վկայել են, որ Արցախն իրենց համար, որպես այդպիսին, որպես հողատարածք աշխարհագրական միավոր գոյություն չունի»,- ասել է նա։

Սրբազանը նշել է, որ իրենց մնում է անընդհատ հիշել Արցախի խորհրդանիշների և ազգային ինստիտուտների մասին։

«Առաջնային մեզ համար այն է, որ ինչ հնարավոր է՝ վերականգնել և ձեռք բերել։ Աշխարհն էլ է վկայել այդ մասին, որ մենք ունենք հնարավորությունն ապահովելու մեր ժողովրդի արժանապատիվ և անվտանգ կացությամբ վերադարձն Արցախ, սակայն միակ խոչընդոտն այսօրվա ՀՀ իշխանություններն են»,-հայտարարել է Բագրատ սրբազանը։

Նա նաև ամոթալի է համարել ասյն փաստը, որ դեռ Բաքվի բանտերում են գտնվում երկու տասնյակից ավել ռազմագերի, այդ թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։