10 դեկտեմբերի 2024 - 17:34 AMT
ԵԽ-ն հաստատել է ՆԳՆ-ի հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը

Եվրոպայի Խորհուրդը հաստատել է ՆԳ նախարարության հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը և դիտարկել որպես առաջնահերթություն։ Այդ մասին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Լոնգանգեն վստահություն է հայտնել, որ առկա գործակցությունը կամրապնդվի ու կընդլայնվի, հայտնում է ՆԳՆ-ն։

Անդրադառնալով ՆԳ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում ԵԽ աջակցությանը՝ Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Ոստիկանության գվարդիայի ուղղությամբ ունեցած բացառիկ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակելու փոխգործակցությունը ստորաբաժանման ձևավորման, ենթաօրենսդրական դաշտի մշակման և ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ ընդգծելով օրենսդրական դաշտում գրանցված համատեղ ձեռքբերումները։

Արփինե Սարգսյանը, կարևորելով երկկողմ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

Ոստիկանության գվարդիայի կայացման գործում ՆԳ նախարարն ընդգծել է ոչ միայն օրենսդրական դաշտի լավարկման աշխատանքների կարևորությունը, այլև հետևողական և արդյունավետ կիրառումը։ Անդրադառնալով Հայաստանում ուժի կիրառման նոր ստանդարտին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների արձանագրման մեխանիզմերի կիրառման, Ոստիկանության, Քննչական կոմիտեի և Շտապօգնության անձնակազմի համատեղ վերապատրաստումների արդյունավետությունը։

ԵԽ գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ի և Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից ՆԳՆ ոլորտում արձանագրված ձեռքբերումներին։ Կողմերը քննարկել են նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում համագործակցության, ընտանեկան և գենդերային բռնության կանխարգելման, ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցեր։