11 դեկտեմբերի 2024 - 10:40 AMT
Փաշինյան․ ՀՀ սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Այդ մասին նա գրել է X-ի իր էջում՝ հակադարձելով Բաքվի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար երկու հիմնական խոչընդոտ կա, որոնցից մեկը ՀՀ սահմանադրությունն է։

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը, կրկնելով ադրբեջանցի այլ պաշտոնյաների թեզը, հայտարարել է թե կայուն խաղաղության հասնելու համար «Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը»։ Նա ասել է, թե «Հայաստանի Սահմանադրության մեջ որպես հիմք է ընդունված «Ղարաբաղը Հայաստանի մաս է» կետը»։

Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը հիշեցրել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։

Միայն վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ մի շարք պահանջներ են ներկայացրել ՀՀ–ին՝ ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հնչեցրած՝ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պահանջից բացի, ԱԳ նախարար Բայրամովը ԵԱՀԿ–ում խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։