11 դեկտեմբերի 2024 - 18:20 AMT
Զախարովա․ ՀԱՊԿ–ի անդամավճար չմուծելը կարող է հանգեցնել ձայնի իրավունքից զրկվելուն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ պաշտոնական կառույցներից ՀԱՊԿ–ից դուրս գալու վերաբերյալ ՌԴ–ում դիմում չեն ստացել։

Անդրադառնալով ՀԱՊԿ–ի անդամավճար մուծել–չմուծելուն՝ Զախարովան ասել է, որ ընթացիկ ֆինանսական տարում անդամավճարը չփոխանցելու դեպքում պարտք է կուտակվում, և երկու տարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է որոշում կայացնել պարտապան պետության վերաբերյալ՝ ընդհուպ զրկելով ձայնի իրավունքից, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«ՀԱՊԿ բյուջեն ձևավորվում է անդամ պետությունների անդամավճարների հաշվին, որոնք տոկոսային առումով բաշխվել և հաստատվել են դեռևս 2003–ին։ ՌԴ–ն ֆինանսավորում է ուղիղ կեսը, մյուսները հավասարապես 10 տոկոս են մուծում։ Ֆինանսավորումից ձեռնպահ մնալու եղանակներ նախատեսված չեն։ Ժամանակին ՀՀ–ն համաձայնություն է տվել և ես չեմ լսել, որ նրանք դեմ լինեն»,–ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Երևանից հայտարարություններ են հնչում, թե «իրենք իրենց իբրև ինչ–որ շրջանակից դուրս են տեսնում, ինչ–որ տեղ են դուրս եկել և այլն»։

«Այդ մասին պետք է հարցնել ՀՀ ներկայացուցիչներին»,–ասել է Զախարովան։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ին անդամության հարցում, հավանաբար, անցել ենք անդառնալիության կետը: