12 դեկտեմբերի 2024 - 15:39 AMT
ՀՀ փոխվարչապետը՝ Մոսկվայում․ Երևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում գործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցնում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի նախագահությամբ։

Մասնակցում են նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Գրիգորյանն իր ելույթում ասել է, որ հայկական կողմը դրական է գնահատում ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության ներուժի ընդլայնմանն ուղղված ռուսական կողմի կառուցողական ջանքերը, գրում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրների տնտեսությունների մրցունակությունն ապահովելու և մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև տեխնոլոգիական վերափոխումների համագործակցության զարգացման համար։

Գրիգորյանը կարևոր է համարում նաև ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային համալիրի թվային վերափոխման ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը։

Փոխվարչապետն ընդգծել է ԱՊՀ երկրների միջև փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ազգային շահերը և այս համատեքստում կարևորել բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը։

Գրիգորյանն ընդգծել է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագծի կարևորությունը։

Լրագրողներին նա ասել է, որ ՀՀ–ում ԲՐԻԿՍ–ին անդամակցության հարց չի քննարկվում, քանի որ հիմա դժվար է գնահատել հեռանկարները։

«ԲՐԻԿԻՍ–ին ՀՀ անդամակցության հարց հիմա չի քննարկվում։ Շատ դժվար է քննարկել հեռանկարները»,–ասել է նա։

ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են համագործակցության երկրներում առևտրատնտեսական և մշակութա-մարդասիրական փոխգործակցության ընդլայնման հարցեր: