12 դեկտեմբերի 2024 - 17:36 AMT
Տարվա ամենաշատ sold out-ով ներկայացումներից մեկը․ Դեկտեմբերի 17-ին կկայանա 2024-ի վերջին «Գիթարիոնը»

40 ներկայացում և նույնքան էլ sold out․ երաժիշտ, հաղորդավար ու դերասան Գարիկ Պապոյանն ամփոփում է իր հեղինակային ստենդափ ներկայացման՝ «Գիթարիոնի» մեկ տարին։ Այս առթիվ դեկտեմբերի 17-ին Գարիկը հատուկ ներկայացումով կներկայանա, որի նպատակը շնորհակալություն հայտնելն է։

«Նոյեմբերին խաղացինք այս տարվա վերջին «Գիթարիոնը»։ Բեմից իջանք, հանդիսատեսին շնորհակալություն հայտնեցինք։ Մենք մեր թիմով մեզ շնորհակալություն ասացինք, որ հաջող ու լավ տարի ենք ունեցել։ Հետո մի պահ կանգ առանք ու մտածեցինք՝ մենք իրոք միայն իրա՞ր պետք է շնորհակալ լինենք, որ այս հաջողությունն ունեցել ենք։ Մի խոսքով, դեկտեմբերի 17-ին ևս մեկ՝ հատուկ ելույթ «Գիթարիոնի», որի ամբողջ հասույթը կփոխանցենք մեր հերոսների ընտանիքներին՝ քանի ընտանիք որ կկարողանանք, այն մարդկանց, ովքեր ամբողջ ընթացքում մեզ հնարավորություն են տվել այս հողի վրա դեռ ստեղծագործելու և ելույթ ունենալու: Այս նախաձեռնությանը միացել է մեր ամբողջ թիմը»,- ասել է Գարիկն ու շեշտել՝ «սա բարեգործություն չէ` շնորհակալություն է»։

Stereo-comedy ոճով ներկայացումը յուրահատուկ է իր երաժշտական կատարումներով և խորիմաստ հումորով: Ավելին, յուրաքանչյուր «Գիթարիոն» ինչ-որ բանով՝ առնվազն մեկ հումորով կամ երգով տարբերվում է նախորդներից։

«Յուրաքանչյուր ներկայացման դեպքում տոմսերը սպառվում էին հաշված օրերի, նույնիսկ՝ ժամերի ընթացքում։ Սա հրաշալի և, միևնույն ժամանակ, մեր իրականության համար բացառիկ արդյունք է, ինչի առթիվ շնորհավորում ենք Գարիկին և ամբողջ թիմին»,- ասել է «Գիթարիոնի» տոմսերի վաճառքի բացառիկ գործընկեր Eventhub․am հարթակի բիզնեսի զարգացման ղեկավար Սամվել Բատիկյանը և հավելել՝ հոբելյանական ներկայացումն էլ բացառություն չէ․ տոմսերը սպառվել են հաշված ժամերի ընթացքում։