Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կարող է համարվել որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն․ միջազգային իրավունքի տեսանկյունից այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, հեշտությամբ կարող է նույնացվել էթնիկ զտման հետ։ Այդ մասին Երևանում դեկտեմբերի 12-13-ն անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում նման կարծիք է հայտնել Ազգային փոքրամասնությունների հարցերով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին հատուկ զեկուցող Ֆեռնան դը Վարենը, հայտնում է Արմենպրեսը։
Անդրադառնալով հարցին, թե կարելի՞ է արդյոք 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները որակել որպես ցեղասպանություն՝ զրուցակիցն, այդուհանդերձ, նկատել է, որ իրականում ցեղասպանությունը միջազգային իրավունքում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք։
«Ես տեղեկացված չեմ այն բոլոր մանրամասներին, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, որպեսզի կարողանամ որակումներ տալ, սակայն կավելացնեմ, որ անհրաժեշտ է հիշել՝ ցեղասպանություն հանցագործությունը միջազգային իրավունքում իրականում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք․ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին ֆիզիկապես ոչնչացնելո՞ւ մտադրությունն է եղել, թե՞ նրանցից ազատվելու, հեռացնելու մտադրությունը։ Եթե վերջինն է, ապա դա չի համապատասխանում միջազգային իրավունքի մեջ ցեղասպանության հանցագործությանը: Բայց դրանք կարող են լինել այլ տեսակի հանցագործություններ»,-նշել է Ֆեռնան դը Վարենը:
Նրա կարծիքով՝ հստակ է, որ որևէ մեկը չի կարող չհամաձայնել, որ Լեռնային Ղարաբաղում եղել են էթնիկ զտումներ։
«Դա ինքնին ցեղասպանություն չէ, բայց այն դեռ կարող է համարվել որպես ռազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն: Այսպիսով, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ շատ հեշտությամբ կարող է նույնացվել որպես էթնիկ զտում, որը կարող է ռազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն նշանակել»,-ընդգծեց Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը:
Վերջինս, խոսելով նաև 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև դրա վերաբերյալ Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքականության ու հռետորաբանության մասին, կարծիք հայտնեց, որ իրականում դժվար է ասել, թե որքան կշարունակվի թուրքական ժխտողականությունը, և երբ Անկարան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
«Տարիներ անց, հնարավոր է, որ թուրքական կողմում վերաբերմունքի որոշակի փոփոխություն տեղի ունենա․ հնարավոր է լինեն տարբեր քաղաքական, սոցիալական, իրավական ենթատեքստ ունեցող իրավիճակներ, որտեղ թուրքական կառավարության համար կարող է ավելի հեշտ լինել դա որպես ցեղասպանություն ճանաչելը: Այլ կերպ ասած՝ գուցե, ոչ այսօր, բայց ապագայում դա կարող է տեղի ունենալ։ Այնպես որ, չպետք է հանձնվել»,-ընդգծել է նա։
Անդրադառնալով դիտարկմանը, որ, ամենայն հավանականությամբ, դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ, օրինակ, Թուրքիայում տեղի ունենա իշխանափոխություն՝ Ֆեռնան դը Վարենը դրական արձագանք տվեց՝ որպես օրինակ բերելով այլ երկրների։
Ինչ վերաբերում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի և նմանատիպ այլ ֆորումների կարևորությանը, Ֆեռնան դը Վարենն այդ տեսակի գլոբալ ֆորումների անցկացումը հատկապես կարևոր համարեց հենց մեր օրերում, քանի որ աշխարհն այժմ բախվում է ավելի վտանգավոր երևույթների, որտեղ գոյություն ունեն ավելի դաժան հակամարտություններ, պատերազմներ և ավելի շատ իրավիճակներ, որտեղ գերիշխում է ատելությունը, ցեղասպանությունն ու դրա կոչերը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։