Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը դեկտեմբերի 16–ին վերսկսել է աշխատանքը, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով: Դեկտեմբերի 16–ին արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն: Նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել:
Նախատեսվում է վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտարարվի։
Նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ: