20 մայիսի 2009 - 20:32 AMT
Երեւանում տեղի կունենա «Մանկության աշխարհ EXPO 2009»
Մայիսի 29-ից հունիսի 1-ը Երեւանում տեղի կունենա «Մանկության աշխարհ EXPO 2009» 3-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
«Մանկության աշխարհ EXPO 2009» ցուցահանդեսը երեխաների եւ դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդես ստեղծելու առաջին քայլն է: Ցուցահանդեսի հիմնական նպատակն այս ոլորտի զարգացումն է, բարձրակարգ մասնագետների եւ արտադրողների ներգրավումը, երեխաների համար ապրանքների նոր տեսականիով Հայաստանի շուկայի հագեցումը: Չորս օրերի ընթացքում ցուցահանդեսը պարուրված է լինելու տոնի մթնոլորտով, որտեղ հնարավոր կլինի ընկնել մանկության զարմանալի աշխարհ:
Ցուցահանդեսը տեղի կունենա Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության, գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով ՀՀ ԱԺ Մշտական հանձնաժողովի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Արդյունաբերողների եւ գործարարների միության աջակցությամբ:
Ցուցահանդեսին մասնակցում են 4 մանկատներ Հայաստանի տարբեր շրջաններից (Գյումրի, Գավառ, Երեւան), որտեղ երեխաները կներկայացնեն իրենց ձեռքերով կատարված աշխատանքներ: Ցուցահանդեսը կուղեկցվի հագեցած մշակութային ծրագրով: