Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
«Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,–գրել է նա։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։