23 դեկտեմբերի 2024 - 17:33 AMT
Շինարարության անվտանգության խախտումների համար նոր տուգանքներ կսահմանվեն

Շինարարության անվտանգության խախտումների համար նոր տուգանքներ կսահմանվեն։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպումը, կարգավորել քաղաքաշինական ընթացիկ խնդիրները, հստակեցնել վարչական պատասխանատվության երթարկվող սուբյեկտների շրջանակը:

Շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման օրենսդրությամբ սահմանված պահանջները չկատարելու համար ֆիզիկական անձ կառուցապատողի նկտամամաբ կնշանակվի տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի 200,000 դրամի չափով, իրավաբանական անձ հանդիսացող կառուցապատողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 600,000 դրամի չափով, իրավաբանական անձ հանդիսացող շինարարական աշխատանքներ իրականացնողի նկատմամբ՝ պայմանագրային արժեքի 0.05%-ի չափով, իրավաբանական անձ հանդիսացող տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն մատուցողի նկատմամբ՝ տեխնիկական հսկողության պայմանագրային արժեքի 10%-ի չափով:

Խախտում է համարվում շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման օրենսդրությամբ սահմանված պահանջները չկատարելը` փոշու արտանետումների կանխարգելման համար շինարարական հրապարակները չցանկապատելը, կամ շենքը կամ շինությունը շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով չծածկելը, կամ օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը, այդ թվում` ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների հարակից տարածքը խոնավ չպահելը, կամ շինարարական հրապարակի սահմաններից դուրս կեղտաջրերի թափանցումը չբացառելը, կամ հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր կամ տեխնոլոգիաներ չօգտագործելը, կամ ավազը, ցեմենտը, գաջը, խիճը կամ այլ սորուն նյութերը կամ շինարարական աղբը փակ տարածքներում չպահեստավորելը, կամ շինարարական հրապարակից դուրս եկող բեռնատար մեքենաները անթափանց թաղանթով չծածկելը, ավտոտրանսպորտային միջոցների անվադողերը չլվանալը։