Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն Ադրբեջանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես նաև «Իսլամական ութնյակին» (D-8) անդամակցելու առթիվ։
Կողմերը նաև քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Թուրքիայի նախագահը նշել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումներին, հայտնում է Ermenihaber-ը։
Նա հավելել է, որ խաղաղության ապահովմամբ իրենք ակնկալում են, որ Հարավային Կովկասը կհասնի մնայուն կայունության և բարօրության։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր վերապահումները՝ փաստացի չմերժելով դրանք։
Ալիևը նաև հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Նա նաև Ադրբեջանում 2025–ի համար նախատեսված և 5 մլրդ դոլար կազմող ռեկորդայիան ռազմական բյուջեի ընդունումն «արդարացրել է» Հայաստանի սպառազինմամբ Արևմուտքի կողմից։