25 դեկտեմբերի 2024 - 16:54 AMT
Պեսկով․ ՀՀ–ն ԱՊՀ և ԵԱՏՄ–ի կարևոր մասնակից է՝ օգուտներ է ստանում դրանից

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀՀ աշխատանքն ԱՊՀ–ում փոխադարձաբար շահավետ է՝ այն օգուտ է բերում ինչպես երկրին, այնպես էլ միավորմանը։

«Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ–ին, կասեցրել են իրենց մասնակցությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանը նախկինի պես և ԵԱՏՄ, և ԱՊՀ շատ կարևոր մասնակից է։ Եվ ՀՀ–ն, և հայ ժողովուրդը շատ դիվիդենդներ են ստանում այդ մասնակցությունից։ Այնպես որ, սա երկկողմ երթևեկությամբ ճանապարհ է՝ դրանում շահագրգռված են և ԱՊՀ–ն, և մեր հայ բարեկամները»,–ասել է Կրեմլի ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա նաև ասել է, որ թեև կորոնավիրուսի դրական թեստի պատճառով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ժամանի ՌԴ, նրա մասնակցությունը ԵԱՏՄ–ին տեսակապով կլինի լիարժեք ձևաչափով։

«Ցավոք, այդպես ստացվեց դրական թեստերի պատճառով։ Այնուամենայնիվ, դեկտեմնբերի 26–ին Փաշինյանը կմասնակցի տեսակոնֆերանսի ձևաչափով։ Դա լիարժեք ձևաչափով մասնակցություն կլինի»,–ասել է Պեսկովը։

Դեկտեմբերի 25–ի առավոտյան վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում է ունեցել, իսկ 25–ին ախտորոշումն արդեն բացասական է և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի։ Ախտորոշման պատճառով Փաշինյանը չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Նա նշել էր, որ մինչև օրվա վերջ որոշում կկայացնի դեկտեմբերի 26–ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, սակայն ավելի ուշ հայտնեց, որ քովիդի թեստը կրկին դրական է։