27 դեկտեմբերի 2024 - 11:37 AMT
Կոպիրկին․ ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին ԲՐԻԿՍ-ի հետ մերձեցման հարցում

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսել է ԲՐԻԿՍ-ում ՌԴ նախագահության մասին՝ նշելով, որ ավելի քան 30 երկիր հայտարարել է այդ միջպետական ակումբի հետ սերտ կապեր հաստատելու մտադրության մասին:

«Հայաստանում ԲՐԻԿՍ-ի հետ մերձեցման նկատմամբ հետաքրքրության հասունացման դեպքում Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան՝ դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ոգով»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Դեսպանը նշել է, որ Կազանի գագաթաժողովին մասնակցել է ՀՀ պաշտոնական պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նա հավելել է, որ նշանակալի իրադարձություն էր հայ-ադրբեջանական բարձր մակարդակի արդյունավետ բանակցությունների անցկացումը Կազանի համաժողովի շրջանակներում՝ հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։

«Դա գործնականում ապացուցեց, որ ԲՐԻԿՍ-ը կարող է որպես հարմարավետ և չեզոք հարթակ հանդես գալ վիճելի հարցերի կարգավորման նպատակով միջպետական երկխոսության համար»,–ասել է նա։

Հաջորդ տարի ԲՐԻԿՍ-ի նախագահությունն անցնում է Բրազիլիային։

ԲՐԻԿՍ-ը եզակի միջպետական հանրույթ է, որն ուղղված է նոր, ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։ Միավորման մասնակից պետություններում ապրում է 3․6 մլրդ մարդ, արտադրվում է համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 35 տոկոսը։