Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքին, որը կառավարության որոշմամբ վերանավնավել է «Հայաստանի պատմություն»։ Նա նշել է, որ դասագրքի ընթերցումը հաստատել է, որ դասագիրքը պետք է վերանվանվի «Հայաստանի պատմություն»։
Նա հավելել է, որ դա բխում է ՀՀ շահերից։
«Ընթերցեցի «Հայոց պատմության» դասագիրքը: Ես պատմության փորձագետ չեմ, պատմագիտական նրբությունների մեջ չեմ կարող մտնել, բայց միանշանակ կարող եմ ասել, որ դասագիրքը հաջողված է: Այն երեխաներին հրավիրում է քննական դիտանկյունից ընկալել պատմությունը։ Ընթերցումս վերահաստատեց այն մոտեցումը, որ դասագիրքը պետք է վերանվանվի «Հայաստանի պատմություն», այդպես այն համապատասխան կլինի ՀՀ շահերին»,- նշել է նա։
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակը պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանն է, քննադատվում է մասնագիտական տարբեր շրջանակներում։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում։
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հանձնախումբը նամակ էր հղել ԿԳՄՍ նախարարին, որտեղ նշվում է, որ տեղ են գտել կանխատեսված վատագույն լուծումները և որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնապես կտրականորեն դեմ է արտահայտվել սահմանված չափորոշիչներով դասագրքերի պատրաստությանը։ Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել դասագրքի կիրառությունը և սկսել նորի պատրաստման աշխատանքները։