28 դեկտեմբերի 2024 - 12:17 AMT
Սուքիասյան․ ԼՂ խնդրի ելքը ոչ մի հայ քաղաքական գործչից կախված չի եղել

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ԼՂ խնդրի ելքը ոչ մի հայ քաղաքական գործչից կախված չի եղել։

«Եթե ուզել են նորից ձգձգել, անհասկանալի է, թե դա մեզ ինչ ավելի մեծ վտանգների կարող էր բերել, նկատի ունեմ նույնիսկ Հայաստանի հետ կապված։ Իսկ եթե ուզում են ինչ-որ հարցով ինչ-որ բան ուղղել այսօրվա գործող վարչապետին, ես դա անընդունելի եմ համարում»,–ասել է նա։

«Ամենակարևոր հարցը, որ քաղաքացիները տալիս են, հետևյալն է՝ որ 30 տարի կարողանում էիք Ղարաբաղը անկախացնել, ինչո՞ւ չեք անկախացրել։ Դուք էլ եք ուզել չէ, որ անկախանա, բա ինչու չի անկախացել։ Եթե 30 տարի չի անկախացել, ու ամեն մեկը կարծիք է հայտնում, նշանակում է՝ մնացածն աճպարարություն է»,–ասել է նա։

Ըստ նրա, վերջին շրջանում ՀՀ–ում հասկացել են, թե ինչ վիճակ է ստեղծվել, ասել են ԼՂ ղեկավարությանը՝ ընտրությունը «Նախիջևանի և Ջավախքի» միջև է, հասկացել են, որ ծուղակում են, սակայն, «ԼՂ–ում բետոնե պատնեշներ են դրել Աղդամի կողմից, որ օգնությունն այդ ուղղությամբ չմտնի, ամեն ինչ արել են, որ գնան էսկալացիայի»։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։