Ադրբեջանը չեղարկել է ՌԴ որոշ ավիաընկերություններին տրամադրված թույլտվությունները։ Այդ պատճառով «Ազիմուտ» ավիաընկերությունը չեղարկել է թռիչքներն Ադրբեջան Միներալնիե Վոդիից և Սոչիից, հայտնում է Haqqin.az-ը։
Պատճառը Բաքուից Գրոզնի մեկնող Azerbaijan Arilines–ի ինքնաթիռի կործանումն է դեկտեմբերի 25–ին Ղազախստանում՝ Ակտաուի օդանավակայանի մատույցներում, որից հետո այդ ընկերությունը չեղարկել է թռիչքները դեպի ՌԴ 10 քաղաք։
Որոշ երկրների ավիաընկերություններ ևս չեղարկել կամ սահմանափակել են թռիչքները ՌԴ ղազախական Qazaq Air–ը, իսրայելյան El Al–ը, արաբական Flydubai–ը։
Հայաստանի իշխանությունները մտադիր չեն չեղարկել ավիաընկերությունների կողմից քաղաքացիական օդանավերի թռիչքները դեպի Ռուսաստան՝ Azerbaijan Arilines ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո։ Այդ մասին «Ինտերֆաքսին» ասել է ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Ադրբեջանի տրանսպորտի և թվային զարգացման նախարար Ռաշադ Նաբիևը հայտարարել է, որ Բաքու–Գրոզնի J2-8243 չվերթն իրականացնող ինքնաթիռի բեկորներն ու վկաների ցուցմունքները հիմք են տալիս ասելու, որ ինքնաթիրը «արտաքին միջամտության է ենթարկվել»։
«Քննությունը կպարզի, թե ինչ զենքով է կատարվել այդ միջամտությունը։ Քննությունը նաև կպարզի, թե արդյոք ինքնաթիռը Մախաչկալայում վայրէջք կատարելու թույլտվություն է ստացել»,–ասել է նա։