Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը կմեկնարկի հունվարի 17-ին։ Այդ մասին հայտնել է դատական կոլեգիայի անդամ Անար Ռզաևը։
Այդ օրը կորոշվի, թե դատավարությունն ինչ ռեժիմով է ընթանալու՝ փակ թե բաց, չի բացառվում, որ գործընթացի մի մասը փակ դռների ետևում անցնի, գրում է Minval.az-ը։
Արայիկ Հարությանին և Ռուբեն Վարդանյանին շինծու մեղադրանքներ են առաջադրվել ծանր հոդվածներով, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այլախոհության շարունակական ճնշման աննախադեպ սրման շրջանակներում Ադրբեջանի դատախազությունը մոտ 45 պոտենցիալ մեղադրանքի նոր հսկայական ցուցակ է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ, որի հետևանքով վերջինիս ցմահ ազատազրկում է սպասում։ Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ հայրը, որը մեկ տարուց ավելի է, ինչ Բաքվի բանտում է, մեկուսացված է ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից։