8 հունվարի 2025 - 15:18 AMT
Միրզոյան. Ռուսական ռազմաբազան ՀՀ–ից դուրս բերելու հարց օրակարգում չկա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց օրակարգում չկա։

«Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի միջև, ապա հնարավոր է՝ դիտարկվի և քննարկվի հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահներին կրճատելու հարցը։

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։