8 հունվարի 2025 - 17:40 AMT
Միրզոյան. Թուրքիայի հետ կարգավորումը կարող էր դրական ազդել Ադրբեջանի հետ գործընթացի վրա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե 2024թ․ դեկտեմբերի 31-ին ինչի մասին է խոսել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում, ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը գուցե շատ ավելի հեշտացներ և դրական ազդեցություն ունենար նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։

Միրզոյանը նշել է, որ շնորհավորել են մեկմեկու և բարեմաղթանքներ հղել Նոր տարվա առիթով, նաև քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցեր, հայտնում է Sputnik Արմենիան։

«Պատրաստակամություն և՛ մենք, և՛ թուրքական կողմը մշտապես հայտնում ենք և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, և՛ սահմանը բացելու վերաբերյալ։ Ցավոք սրտի, սա ևս հրապարակային փաստ է՝ թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետ։ Իմ ընկալմամբ և իմ համոզմամբ՝ հակառակ կողմից սկսելը, այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորելը գուցե շատ ավելի հեշտացներ և դրական ազդեցություն թողներ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա»,- ասել է Միրզոյանը։

Նրա կարծիքով՝ նման ընկալում Թուրքիայում դեռ չկա, սակայն շարունակելու են աշխատանքները և երկխոսությունն այս ուղղությամբ և՛ հատուկ բանագնացների, և՛ նախարարների միջոցով, և՛ հնարավորության դեպքում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումների մակարդակով։

2022 թվականին ՀՀ–ն և Թուրքիան պայմանավորվածություն ձեռք բերեցին երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս չի լուծվել։ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Նշվում էր, որ հայկական կողմը Թուրքիայից դրական ազդակներ է ակնկալում երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։