8 հունվարի 2025 - 18:09 AMT
Փոխքաղաքապետ․ Բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորը

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ վալիդատոր: Այդ մասին հունվարի 8-ին ասուլիսին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Նա նշել է, որ հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, հայտնում է Արմենպրեսը։

«Այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Այդ աշխատանքներով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ տեղադրվելու են: Պահեստային առկա թվաքանակը արդեն օգտագործվել է, դրանք տեղադրվել են MAN մակնիշի ավտոբուսներում և տրոլեյբուսներում: Իսկ արդեն փետրվար, մարտ ամիսներին նախատեսում ենք տեղադրման աշխատանքները շարունակել, քանի որ արդեն նոր վալիդատորների պատվերը իրականացված է»,- ասել է Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր։ Համակարգի ներդրման պահին վավերականության ժամկետը 30 օր էր, նոյեմբերին հայտարարեցին, որ դարձել է 7 օր, տարեվերջին կրկին կրճատելով։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տրանսպորտի թանկացման հարցով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում է պատասխան։