Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հունվարի 8-ին ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում է Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը։
Հունվարի 9-ին Ալի Աքբար Ահմադիանը հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մինչ Հայաստան գալը Ալի Աքբար Ահմադիանն Ադրբեջանում էր։ Նրա այցի նպատակն էր, ըստ իրանական լրատվամիջոցների, անվտանգության, դիվանագիտության և քաղաքականության ոլորտներում կապերի ամրապնդումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ ՄԽ լուծարման «խաղաղության պայմանագիրն անհնար է»։ Նա այդ մասին հայտարարել է տեղական հեռուստաալիքներին տված իր հարցազրույցում, որը լի էր սպառնալիքներով և հոխորտանքներով ՀՀ և հայ ժողովրդի հասցեին։ Նա ևս մեկ պայման է առաջ քաշել՝ նշելով, թե Ֆրանսիան և մյուս երկրները պետք է խզեն ՀՀ–ին զենքի մատակարարման պայմանագրերը, իսկ արդեն առաքված զենքը «պետք է հետ վերադարձվի»։ Նա հավելել է, որ Ադրբեջանն առանց խաղաղության պայմանագրի էլ կարող է ապրել և իր քաղաքականությունը վարել։