10 հունվարի 2025 - 11:18 AMT
Օվերչուկ․ ՀՀ-ի անդամակցումը ԵՄ–ին կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրամիությունն ու ԵԱՏՄ–ն անհամատեղելի են։ Ըստ նրա, ՀՀ-ի անդամակցումը ԵՄ–ին կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ։

«ԵԱՏՄ–ն ու Եվրամիությունն անհամատեղելի են։ Երկու միավորումն էլ ենթադրում է մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի բացակայություն։ Անհնար է պատկերացնել, որ այդ միությունները կարող են հատվել ինչ–որ կետում։ Ուստի ՀՀ–ում քննարկման դրվող «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը ընտրության առջև է կանգնեցնում այդ երկիրը»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում ՀՀ–ում կաճեն էներգիայի և սննդամթերքի գները, իսկ ապրանքների արտահանումը կարող է կրճատվել 80 տոկոսով։ Ըստ նրա՝ փոխարենը երկիրը կստանա առանց վիզայի ռեժիմ ԵՄ հետ և կզրկվի բնակչությունից։

«Հիմա ակնհայտ է դառնում, որ անդամությունը ԵԱՏՄ–ին, դա արտոնություն է, իսկ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնք առկա են ԵՄ–ում, անդամակցումը ԵՄ–ին կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ»,- նշել է նա։

Ըստ Օվերչուկի, նախագիծը մշակողները պետք է միանգամից ներառեին ԵԱՏՄ–ից դուրս գալու վերաբերյալ կետը։

Մինչդեռ հարցին անդրադարձել են նաև ՌԴ Պետդումայում՝ ՀՀ–ին համեմատելով ավանակի հետ, որը գնում է կարթին կապած գազարի հետևեից։

Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը հայտարարել է, թե Հայաստանը Եվրամիությունում ոչ ոքի պետք չէ, այնտեղ նրան կործանում է սպասում, գրում է Gazeta.ru-ն։

«Հայաստանը քայլ առ քայլ կրկնում է Ուկրաինայի՝ դեպի անդունդ տանող ճանապարհը, որի հետևում զինված հակամարտությունն է հարևանների հետ, որոնք չեն ցանկանում ոչ մի ընդհանուր բան ունենալ ոչ ԵՄ–ի, ոչ էլ ՆԱՏՕ–ի հետ»,–ասել է նա։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկել էր ԵՄ-ին անդամակցելու նախագծին դրական դիրքորոշում արտահայտել։ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը կքննարկվի և քվեարկության կդրվի Աժ-ում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունում: