13 հունվարի 2025 - 10:29 AMT
Իսպանացի պատգամավորը «Խաղաղության խաչմերուկը» կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է համարում

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հարավկովկասյան տարածաշրջանում հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է, ինչը կարող է դրական առաջընթաց լինել։

Պատգամավորը նաև անհանգստություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պնդումների կապակցությամբ՝ համարելով դրանք մարտահրավեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար, հայտնում է Արմենպրեսը։

«Հայաստանն առաջարկել է տարածաշրջանային հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություններ, ինչը կարող է դրական առաջընթաց լինել: Այնուամենայնիվ, ինձ անհանգստացնում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, մասնավորապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի պնդումը, որը մարտահրավեր է Հայաստանի ինքնիշխանության համար»,-շեշտել է Ջոն Ինյարիտուն։

Զրուցակցի դիտարկմամբ՝ տարածաշրջանում և ընդհանրապես, հաղորդակցությունները կարևոր են տնտեսական զարգացման համար, սակայն դրանք պետք է հիմնված լինեն մասնակից կողմերի ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։

«Թեև տարածաշրջանային կապը կարևոր է տնտեսական և սոցիալական զարգացման համար, այն պետք է կառուցվի ներգրավված բոլոր ազգերի ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա»,-ընդգծել է պատգամավորը՝ նշելով, որ միջանցքի մասին Ադրբեջանի նարատիվն ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական մտահոգություններ է առաջացնում:

Հաշվի առնելով Ադրբեջանի և հատկապես վերջինիս նախագահի մշտական ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանությանը՝ Ինյարիտուն ընդգծել է Բաքվի հետ բանակցություններում և քննարկումներում զգուշավորություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։

Ինյարիտուն միաժամանակ շատ կարևոր է համարում, որ տարածաշրջանային համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները հարգեն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի իրավունքները։

«Շատ կարևոր է, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցություն հարգի Հայաստանի ինքնիշխանությունը և երաշխավորի նրա ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները»,-եզրափակել է Ինյարիտուն։

Կառավարությունը մշակել ե ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։