13 հունվարի 2025 - 11:39 AMT
Գրոնո․ ԵՄ-ն պատրաստ է ավելացնել աջակցությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտարարել, է, որ ԵՄ-ն պատրաստ է ավելացնել աջակցությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում երկու երկրի ղեկավարության և պաշտոնյաների հետ մտքերի խորացված փոխանակումը խաղաղության հասնելու, իրավիճակի կարգավորման և տարածաշրջանային համագործակցության զարգացման ամենաարդյունավետ ուղիների վերաբերյալ։

«ԵՄ-ն պատրաստ է ընդլայնված աջակցություն ցուցաբերել այս գործընթացում՝ կենտրոնանալով տարբեր ասպեկտների վրա, ներառյալ ընթացիկ երկկողմ բանակցությունները, հումանիտար խնդիրները: Մենք նաև ձգտում ենք խթանել տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները», – ասվում է գրառման մեջ։

Մագդալենա Գրոնոն պաշտոնապես ստանձնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցչի պարտականությունները 2024-ի նոյեմբերի 1-ին:

Հունվարի 10–ին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով առկա գործիքակազմի միջոցով ընձեռնվող հնարավորությունները: Ի թիվս այլ մեխանիզմների, ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը: Գրոնոն այցելել էր նաև Ադրբեջան։