14 հունվարի 2025 - 13:30 AMT
Մարկեդոնովը խոսել է «ԵԱՏՄ–ից Երևանի իրական օգուտների և ԵՄ–ից սպասվող մշուշոտ ապագայի մասին»

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով ԵՄ–ի հետ գործակցության սերտացման ՀՀ ձգտումներին, գրել է, որ եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանի համար առանցքայինը ԵԱՏՄ անդամակցությունից կոնկրետ օգուտների առկայությունն է, որոնք հարկ է համադրել ԵՄ-ի հետ համագործակցության՝ մշուշոտ հեռանկարների հետ։ Այդ մասին նա գրել է տելեգրամյան Bunin & Co ալիքում։

Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին: Մարկեդոնովի խոսքով՝ ԵՄ շատ ներկայացուցիչներ շտապեցին այդ քայլը մեկնաբանել որպես Ռուսաստանից հեռանալու փորձ: Իսկ ռուսական մեդիատիրույթում այդ նախաձեռնությունն անվանել են Մոսկվայի հետ հարաբերություններում նոր «կարմիր գիծ», հայտնում է Sputnik Արմենիան։

Այս համատեքստում քաղաքագետն ուշադրություն է հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի վրա, թե տվյալ հարցը կլուծվի միայն հանրաքվեի միջոցով: Փորձագետի կարծիքով՝ այսկերպ վարչապետը փորձում է նվազեցնել Մոսկվայի դժգոհությունը, բայց դա իր մոտ համոզիչ չի ստացվում: Մարկեդոնովը հիշեցնում է, որ առանցքային հարցերով` դատական համակարգի բարեփոխումից մինչև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորում, Փաշինյանն էլի էր խոստացել դիմել ժողովրդի կամարտահայտությանը, բայց հանրաքվեներ այդպես չեն կայացել։

Նշվում է, որ Ռուսաստանից արձագանքներն առայժմ զուսպ են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել են, որ Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի են, քանի որ երկու միություններն էլ պահանջում են մաքսային սահմանների բացակայություն ու ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի ազատություն:

Այդուհանդերձ, Մարկեդոնովի կարծիքով, Հայաստանի հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ մնում են ավելի կայուն, քան մյուս ինտեգրացիոն միավորումների, օրինակ, ՀԱՊԿ-ի հետ: Երևանի կողմից ԵԱՏՄ-ի հասցեին քննադատություն շատ ավելի քիչ է հնչում։

Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում իր նախագահության մեկ տարվա ընթացքում (2025-ին անցել է Բելառուսին-խմբ.) Երևանը չի փորձել միության ներսում եվրոպական շահերն առաջ մղել։

«Երևանը 2025 թվականից միավորման նախագահությունը փոխանցել է Մինսկին։ Սակայն իր նախագահության մեկ տարվա ընթացքում հայկական կողմը չի փորձել եվրասիական ինտեգրացիոն կառույցի ներսում խաղալ Եվրամիության «տրոյական ձիու» դերը», - գրել է նա։

Վերադառնալով եվրաինտեգրման հարցին՝ Մարկեդոնովն ուշադրություն է հրավիրել կառավարության նիստում Փաշինյանի արած մեկնաբանության վրա։ Վարչապետը նշել էր, որ սկսված գործընթացը «չի նշանակում Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը բառի բուն իմաստով»: Փորձագետի կարծիքով` Փաշինյանը կարծես զգուշացնում է, որ պետք է զերծ մնալ չափազանցված սպասումներից և ճիշտ է անում։ Բացի պաշտոնական Երևանի նախանձախնդրությունից, անհրաժեշտ է նաև Բրյուսելի և եվրոպական ինտեգրացիոն միավորման մասնակից պետությունների համաձայնությունը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։