16 հունվարի 2025 - 16:23 AMT
Օկամպոն Ադրբեջանի շինծու մեղադրանքները որակել է որպես ԼՂ ժողովրդի դեմ հանցագործությունների կոծկում

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանդեմ Ադրբեջանի առաջ քաշած շինծու մեղադրանքներին, նշել է, որ դրանք նպատակ ունեն քողարկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ինչպես նաև Բաքվում անօրինական պահվող հայ գերիների դեմ կատարված հանցագործությունները:

Նա հիշեցրել է, որ հունվարի 17-ին Բաքվում մեկնարկելու են Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անդամների դեմ շինծու դատավարությունները։

«Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները։ Ստալինը մահացել է, բայց Ալիևը սովորում է նրանից՝ օգտագործելով ցուցադրական դատավարությունները՝ խոցելու համար իր թշնամիներին․ դա է հիմա տեղի ունենում Ադրբեջանում», - նշել է Օկամպոն:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։