16 հունվարի 2025 - 17:55 AMT
Զորակոչիկների բուժհետազոտությունների ծավալը կընդլայնվի․ Տվյալները կթվայնացվեն

Կառավարությունը որոշել է ընդլայնել զինկոմիսարիատում հաշվառելու նպատակով 16 տարին լրացող անձանց բժշկական հետազոտությունների ծավալը։ Զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացում ներդրվում է տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և դրանք թվայնացված ձևով պահելու նոր մեխանիզմ: Այդ մասին կառավարության նիստռում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Զինկոմիսարիատների կողմից առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններին և բժշկական հաստատություններին հետազոտության ենթակա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է թվային տարբերակով, էլեկտրոնային առողջապահության Armed համակարգի միջոցով: Զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի լաբորատոր և գործիքային հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվություն առողջապահական հաստատություններից ստացվում է միայն թվային տարբերակով՝ Armed համակարգի միջոցով»,–ասել է Պապաիկյանը։

Նա նշել է, որ գործիքային МРТ, ուլտրաձայնային և ռենտգենաբանական հետազոտության նկարները և լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները, արտածումները և եզրակացությունները պետք է ներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության Armed համակարգ և պահպանվեն 10 տարի ժամկետով:

Նախարարի խոսքով՝ այս փոփոխությունները նպատակ ունեն բարելավելու զորակոչի ընթացքում առողջական վիճակի գնահատման գործընթացը, կրճատելու կրկնակի հետազոտությունների անհրաժեշտությունը և ապահովելու տվյալների հետագծելիությունը:

Նա նշել է, որ ընթացիկ զորակոչի ընթացքում 1800 զորակոչիկ ենթարկվել է կրկնակի հետազոտության, սակայն նոր կարգավորումների արդյունքում այդ թիվը կկրճատվի 90%-ով:

Պապիկյանը շեշտել է, որ թվայնացման միջոցով հնարավոր կլինի նախապես հայտնաբերել հնարավոր հիվանդությունները և կազմակերպել նպատակային բուժում դեռևս մինչ զորակոչային տարիքը:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Այս որոշման իմաստն այն է, որ այդ հետազոտություններն արխիվացվեն, որ 17 տարեկանում, եթե հիվանդություն ի հայտ գա, որն ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայելու՝ ինչպես եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում: Այս թեմայի մասին մենք շատ ենք խոսել. սա անվտանգության, քաղաքական, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված պրոբլեմ է»: