16 հունվարի 2025 - 18:13 AMT
ՆԳ նախարար․ ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ 2024 թ. գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալների ամփոփումը թույլ է տալիս փաստել, որ ՀՀ-ն ունի գրանցված հանցավորության թվի նվազում՝ 1.1 տոկոսով։

Նա նշել է, թե 2024թ․ ընթացքում մոտ 4000 հանցագործություն բացահայտվել է պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ, հայտնում է Aysor.am-ը։

Սարգսյանը նաև շեշտել է ջրային պարեկային ծառայության արդյունավետությունը՝ նշելով, որ ձկնորսության արգելքի ընթացքում առգրավվել է մոտ 1 տոննա ձուկ։

Նախարարը հիշեցրել է, որ 2024 թվականին ընդունվել է Ոստիկանության գվարդիայի մասին օրենքը՝ կարևորելով այս օրենսդրական նախաձեռնությունը։

«Կարևոր է, որ մենք այս օրենսդրական նախաձեռնությամբ ներդնելու ենք ուժային միջոցների գործադրման ստանդարտը, որը երբեք ՀՀ-ում չի եղել ճշգրիտ ձևակերպված», – ասել է նա։

Սարգսյանը նշել է, որ 2025 թվականը լինելու է ռազմավարական մոտեցումների իրականացման և զարգացման տարի։